Լանդշաֆտային գոտիականության առաջացման գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության և խոնավության փոփոխությունն է: Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան, ալպյան և ձյունամերձ: Անապատակիսաանապատային լանդշաֆտային գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան Վայքի գոգավորություններում: Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում` 800-1400մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է:
Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածումն ունեն: Սևահողային տափաստանների ենթագոտին ձգվում է չոր լեռնատափաստաններից բարձր` մինչև 2000-2400մ բարձրությունները` զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը: Լեռնանտառային լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության հյուսիս արևելյան հարավարևելյան շրջանները` Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ լանջերը:
Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության հյուսիսում սկսվում են 1900-2000մ, իսկ հարավում` 2400մ բարձրություններից: Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում` 3500մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ և այլն):