Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:
Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։
Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։
Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։
Մեծ Կովկասյան լեռնաշղթան պաշտպանում է մեր հանրապետությունը հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Հարավային Կովկաս և հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։
Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։
Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46 աստիճան)։