Երկրի վրա գտնվող ձևով և ծագումով իրարից տարբեր բոլոր անհարթությունների ամբողջությունը կոչվում է ռելիեֆ: Դրանցից են բլուրները, լեռները, հարթավայրերը, հովիտները, որոնց անվանում են ռելիեֆի կամ մակերևույթի ձևեր: Ստորև նշված է Հայաստանի Հանրապետության ռելիեֆը։
Բլուր
Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից պակաս, մեղմ ուրվագծով ռելիեֆի բարձրացող մաս, որն առանձնանում է մեղմաթեք լանջերով, բոլորակ գագաթով և թույլ արտահայտված ստորոտով:
Բլրաշար
Խիստ քայքայված երկարավուն ցածրադիր լեռնաշղթա:
Լեռ
Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից ավելի ռելիեֆի կտրուկ բարձրացող մաս, որն առանձնանում է լանջի նկատելի թեքությամբ, ինչպես նաև լեռնահամակարգերի, լեռնաշղթաների առանձնացվող գագաթները:
Պիկ
Լեռան ուղղաձիգ լանջերով սրածայր գագաթ:
Լեռնահամակարգ
Նույն ծագումնաբանություն ունեցող լեռնաշղթաների, լեռնազանգվածների, բարձրավանդակների, միջլեռնային իջվածքների և հովիտների տարածական ամբողջություն:
Լեռներ
Մեկից ավելի լեռնաշղթաների և առանձնացված գագաթների ընդհանրություն:
Լեռնաշղթա
Տեսանելի ջրբաժանով և երկու համեմատաբար զառիթափ հակադիր լանջերով, խիստ արտահայտված որոշակի ուղղությամբ ձգվող լեռնային բարձրացում:
Լեռնազանգված
Գրեթե նույն երկարություն և լայնություն ունեցող մեկուսացված լեռնահամակարգի տեղամաս, օրինակ՝ Արագած, Արա:
Լեռնավահան
Նորագույն հրաբխականության ընդարձակ վահանաձև ուռուցիկ ռելիեֆի ձև, օրինակ՝ Ջավախքի, Գեղամա:
Լեռնաշխարհ
Լեռնաշղթաների, առանձին լեռնազանգվածների, սարահարթերի, միջլեռնային գոգավորությունների բարդ միացությունների ընդարձակ լեռնային շրջան, օրինակ Հայկական, Իրանական: