Рубрика: Պատմություն

Արմենական կուսակցություն

Արմենական կուսակցություն (արմտ. հայ.՝ Արմենական կուսակցութիւն), նաև հայտնի է որպես «Արմենականներ», առաջին հայկական կուսակցությունը։ Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը։

Рубрика: Պատմություն

Հայկական մշակույթը 

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունըճարտարապետությունըքանդակագործությունընկարչությունըերաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Рубрика: Պատմություն

Հայ ազատագրական պայքար

Հայ ազատագրական պայքար, շարժում՝ ուղղված օսմանյան լուծը թոթափելուն։ 17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։

XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ։ Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում։ Գտնվելով օտար տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության եւ մշակույթի փոփոխության հարցում։ Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին։ Արտաքին նախադրայլներից էր Օսմանյան կայսրության թուլացումը։ Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում։

Рубрика: Պատմություն

Արցախ

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)։

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնում է Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու, Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին Աստրախանում մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան։

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսվում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը։ Երկրում սկսվում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգ Թահմասպը փախչում է Թավրիզ։ Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա։ Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը։

Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

Рубрика: Պատմություն

Ապստամբության սկիզբը և ծավալումը

Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը

Պարսից արքունիքի վարած քաղաքականության հետևանքով հայոց մարզպանությունը կորցնում էր իր ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական նահանգի: Դրա հետևանքով հայ բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղացան հակապարսկական տրամադրությունները: Դրությունն առավել շիկացավ, երբ պարսիկները փորձեցին դիպչել հայերի ազգային հավատին:

449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: Հայերը լավ էին հասկանում, որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պարսկաստանը դրանով փորձում էր զրկել հայերին հոգևոր-մշակութային ինքնատիպությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ:

01

Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում` կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով` հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը:

Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերն ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին:

Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները

Նախարարների հավատուրացության լուրը երկիր հասավ մինչև նրանց Հայաստան գալը: Դրա հետևանքով երկրում սկիզբ էին առել տարերային հուզումներ, որոնց գլուխ էր անցել հայ հոգևորականությունը: Ժողովրդական շարժումն արագորեն տարածվում էր երկրով մեկ: Հավատուրաց նախարարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հարազատները:

Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքում: Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց արժանի հակահարված ստացան: Ռամիկները, Ղևոնդ Երեցի գլխավորությամբ` դագանակներով զինված, հալածեցին մոգերին, իսկ Զարեհավան գյուղաքաղաքում կործանեցին նորակառույց ատրուշանը և սպանեցին մոգերին: Ապստամբած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում մոգերին ու պարսիկ պաշտոնյաներին: Հայրենիք վերադարձած նախարարները ժողովրդին տեղյակ պահեցին իրենց կեղծ ուրացության մասին և անցան ժողովրդական շարժման գլուխ: Համաժողովրդական շարժումը թևակոխեց նոր փուլ՝ վերածվելով կազմակերպված ապստամբության:

Վարդան Մամիկոնյան

Երկրի ճանաչված ղեկավարներից սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:

Ապստամբության ոգին համակել էր բոլորին: Ժողովրդի տարբեր խավերին միավորել էր պարսկական իշխանությունների դեմ համընդհանուր ատելությունը: Ապստամբներն ուխտեցին չդավաճանել ընդհանուր գործին և համատեղ պայքարել թշնամու դեմ: Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

Շարժման ծավալումը

Ապստամբների թիվն օրեցօր ավելանում էր, իսկ թշնամական զորագնդերն արդեն դուրս էին քշվել երկրից: Երկիրը փաստորեն անկախացել էր: Հազարապետի, մաղխազի և մեծ դատավարության գործակալությունները վերստին գլխավորեցին Վահան Ամատունին, Խորեն Խորխոռունին և Հովսեփ Վայոցձորեցին: Հայ նախարարները պատրաստվում էին վերականգնել հայոց անկախ թագավորությունը: Այդ նպատակով նախարարական տարբեր խմբավորումներ առաջ են քաշում իրենց թեկնածուներին: Հայոց գահը զբաղեցնելու հավակնություններ ունեին առաջին հերթին ապստամբության հիմնական ղեկավարները՝ Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին: Այդ մեծ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր պարսիկների դեմ պայքարում դաշնակիցներ ձեռք բերել, շարժման մեջ ներգրավել հարևան բախտակից ժողովուրդներին: Դաշինք կնքելու և օգնություն ստանալու նպատակով հայերը դիմեցին Բյուզանդիային: Սակայն կայսրը ոչ միայն մերժեց հայերին, այլև վերստին հաստատեց պարսիկների հետ հին դաշինքը և նրանց խոստացավ չօգնել հայերին: Բյուզանդիան պարսից արքունիքին նաև տեղյակ պահեց հայերի ապստամբական ծրագրերին: Միաժամանակ Հայաստանի բյուզանդական մասի հայ իշխաններին արգելվեց օժանդակել իրենց պարսկահպատակ ազգակիցներին:

Եղիշեի «Վասն Վարդանա և Հայոց պատերազմին» աշխատությունը

Բյուզանդիայի թշնամական դիրքորոշումը, սակայն, ապստամբներին չհուսահատեցրեց: Նրանք քաջ գիտակցում էին, որ պետք է հույսը դնել առաջին հերթին սեփական ուժերի վրա: Հայերն անգամ պատրաստ էին օգնելու պարսիկների դեմ ապստամբած իրենց բախտակից հարևաններին:

Պարսկական հալածանքներն ապստամբություն ծնեցին նաև հարևան Աղվանքում, որը գտնվում էր Կուր գետի, Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև: IV դ. 30-ական թթ. Աղվանքը քրիստոնեություն էր ընդունել, իսկ դարավերջին ընկել Պարսկաստանի տիրապետության տակ: Պարսիկների դեմ պայքարում հայտնվելով ծանր կացության մեջ՝ աղվաններն օգնության խնդրանքով դիմեցին հայերին: Հայաստան եկած աղվանից եպիսկոպոսն ու հազարապետը հաղորդեցին, որ պարսկական բանակն ու մոգերը ներխուժել են Աղվանք և բռնությամբ կրակապաշտություն են տարածում: Հայերը որոշեցին օգնության ձեռք մեկնել հարևան ժողովրդին:

Ապստամբության ղեկավարները հայկական զորքը բաժանեցին երեք մասի: Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխանին և ուղարկեցին Հեր ու Զարևանդ գավառներ՝ Ատրպատականի կողմից պաշտպանելու երկրի սահմանները: Երկրորդ զորաբանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ օգնության շտապեց աղվաններին: Երրորդ զորաբանակը Վասակ Սյունու ղեկավարությամբ մնաց երկրում: Մարզպանի խնդիրն էր անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ մյուս զորաբանակներին և պահպանել կարգն ու կանոնը երկրում:

Վարդան Մամիկոնյանը զորքով թշնամուն հանդիպեց Խաղխաղ քաղաքի մոտ (ներկայիս Ղազախ քաղաքի մերձակայքում): Հայկական փոքրաթիվ զորաբանակը որոշեց ճակատամարտ տալ և կանխել պարսիկների հնարավոր հարձակումն Աղվանքից: Հակառակորդին ջախջախելուց և փախուստի մատնելուց հետո հայոց բանակն անցավ Կուրը և աղվանից զորքերի հետ Աղվանքը մաքրեց պարսկական զորամասերից: Վարդան Մամիկոնյանը շարունակեց առաջխաղացումը մինչև Ճորա (Հոնաց) պահակի ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ: Հոները պարտավորվեցին օգնել հայերին պարսիկների դեմ պայքարում:

Մինչ սպարապետն Աղվանքում էր, Հայաստանում վիճակը լարվեց: Վասակ Սյունին տեսնելով, որ օգնություն չկա ոչ Բյուզանդիայից, ոչ էլ հոներից, իր կողմը գրավեց մի խումբ հայ նախարարների և պարսկական ավերիչ արշավանքից երկիրը զերծ պահելու նպատակով որոշեց լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Նա ձգտում էր կանխել հայերի ռազմական բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ: Ստանալով պարսից արքունիքի համաձայնությունը՝ Վասակը հայտարարեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և պատրաստ է ներել ապստամբներին: Թերևս նրան այդ քայլին մղեց նաև իր որդիների` Տիզբոնում պատանդ լինելու հանգամանքը, քանի որ նրանք կարող էին մահապատժի ենթարկվել: Բացի այդ՝ նա սկսել էր երկյուղել, որ օգնության բացակայության դեպքում ապստամբությունը կպարտվի, և նա կկորցնի ոչ միայն մարզպանի պաշտոնը, այլև Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը: Այս ամենի հետևանքով Վասակը, փաստորեն, դրժեց համատեղ պայքարելու իր երդումը և հեռացավ ապստամբությունից:

Ստանալով այս անհանգստացնող լուրերը՝ Վարդան Մամիկոնյանը հապճեպ վերադարձավ Հայաստան, իսկ Վասակ Սյունին ապստամբների ճնշման ներքո քաշվեց Սյունիք: 450-451թթ. ձմեռն էր, սպառվել էին պարենի պաշարները: Ուստի սպարապետն արձակեց իր զորաբանակը՝ գարնան վերջին հավաքելու ծրագրով:

Ավարայրի ճակատամարտը

Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ Մատյան գնդով, ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:

Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն: Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը: Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը:

Հատված Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»կտավից

Կռվից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Վայոցձորեցին և Ղևոնդ Երեցը քաջալերեցին հայոց զորքին՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ: «Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»,- այս խոսքերով դիմեց սպարապետն իր զորքին:

451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսկական զորքերի թվական գերազանցությունը: Մուշկան Նյուսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորեցին ուժերը, օգնության եկավ Մատյան գունդը: Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորագունդը և սկսեցին աստիճանաբար սեղմել օղակը: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- այս էր նրանց նշանաբանը: Բայց նրանց շարքերը հետզհետե նոսրանում էին: Անհավասար կռվում հերոսաբար ընկան Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ:

Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել: Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Այդ ի նկատի ունենալով՝ ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը գրում է. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով` երկու կողմն էլ պարտություն կրեցին»:

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն: Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը: Պարսիկներին ծանր հարված հասցրեցին նաև հոները:

Ի վերջո` ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից: Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին: Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը: Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին: Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից: Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին: Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն:

Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը: Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից:

Рубрика: Պատմություն

Հին հայաստանի պետական կառավարման համակարգը

Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:

Սահմանադրաիրավական բնութագիրը
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովը
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները, որոնք արտահերթ էին, տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

Հանրապետության Նախագահը
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:

Կառավարությունը
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի:

Դրանք են՝ Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ:

Մայրաքաղաք Երևանը համայնք է: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

Рубрика: Պատմություն

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրըՀՀ հռչակումը

ՀՀ հռչակումը

Մայիսյան հերոսամարտերը հայկական անկախ պետականության համար իրական նախադրյալներ ստեղծեցին։ Հայաստանի անկախության հարցը մայիսի 28-ին Թիֆլիսում քննարկվեց Հայոց կենտրոնական ազգային խորհրդում։ Այդ օրը պատասխան էր տրվելու Բաթումում Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված վերջնագրին։ Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Արդեն որպես անկախ պետություն` Հայաստանը պատվիրակություն ուղարկեց Բաթում` թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու համար։ Այսպիսով ` Հայաստանի Հանրապետության հռչակման օրը` մայիսի 28-ը, մտավ ազգային տոնացույցի մեջ, և ամենակարևորը` վերականգնվեց անկախ պետականությունը։

Բաթումի պայմանագիրը

1918թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ—թուրքական հաշտության պայմանագիր։ Դրանով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Հաշտության պայմանները Հայաստանի համար խիստ ծանր էին, Թուրքիային էին անցնելու Արևելյան Հայաստանի շատ տարածքներ, Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորք, երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային։ Պայմանագիրը գործեց մի քանի ամիս։

Рубрика: Պատմություն

Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:

Հայկական մշակույթն արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում մեծ վերելք ապրեց, զարգացավ ժամանակի պահանջներին համահունչ և հարստացավ նոր ձեռքբերումներով: Ժամանակի գիտության, տեխնիկայի ու արվեստի զարգացման արդյունքները արևելահայ և արևմտահայ մշակույթի վերելքի կարևոր նախադրյալներ դարձան:

Նոր ժամանակներում առաջնային նշանակություն ստացավ հայկական միջավայրում արդիական կրթական համակարգի ստեղծումը: 19-րդ դ. երկրորդ կեսին, չնայած ցարիզմի հարուցած արգելքներին, վերելք ապրեց հայկական դպրոցը: Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային: Աստիճանաբար աճեց պետական դպրոցների թիվը, որտեղ ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր:

Рубрика: Պատմություն

Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը

Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ կնքել հաշտության պայմանագիր: Հաշտության պայմանագիրը պետք է ստորագրվեր 1918թ. հունիսի 4-ին:

Рубрика: Պատմություն

Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը

Մեծ եղեռնը.
Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով: Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ զորակոչվեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914թ. վերջից սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև՝ ոչնչացումը: Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: 1915թ. ապրիլի 11-ին և հաջորդող մի քանի օրերին Կ. Պոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների ձերբակալվեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Ապա սկսվեց ցեղասպանության մեծածավալ գործողությունը՝ համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:

Մեծ եղեռնի հետևանքները
Հայոց ցեղասպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Այսպիսով՝ ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Սակայն մինչ օրս Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: