Հավասարություն, արդար, իդեալական հասարակարգի հիմնական սկզբունքներից։ Հավասարության պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը։ «Հավասարություն» հասկացությանը տարբեր պատմական դարաշրջաններում տրվել է սոցիալական տարբեր բովանդակություն։ Հավասարության իրականացումն են հետապնդել թե՛ ստրուկների ապստամբությունները, և թե՛ միջնադարյան գյուղացիական շարժումները։ Հայ իրականության մեջ հասարակական հավասարության հաստատումը եղել է Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումների նպատակներից։ Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման ուղիները, անհավասարությունն ուղղակիորեն կապվել է արտադրության միջոցների մասնավոր սեփականության հետ (Թ. Մոր, Թ. Կամպանելլա, հատկապես ժ-ժ. Ռուսո և ուրիշներ)։ Ուտոպիստների ու լուսավորիչների ազդեցությամբ XVII դ. Անգլիական բուրժուական և XVIII դ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխություններում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր հավասարության հաստատումն էր (չեվելլերները՝ Անգլիայում, Բաբյոֆի «հավասարների դավադրությունը»՝ Ֆրանսիայում)։ Կապիտալիստական հասարակարգում առաջին անգամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դասային արտոնությունները։ Սակայն իրավահավասարության բուրժուական լոզունգը գործնականում անտեսում էր մարդկանց սոցիալական անհավասարությունը, քողարկում հասարակարգի հակամարտ, շահագործողական բնույթը։ Բուրժուական հասարակության նման հակասությունները բացահայտեցին դեռևս Շ. Ֆուրիեն և այլ սոցիալիստ-ուտոպիստներ։ Համընդհանուր հավասարության հաստատելու տեսական հիմնավորումն ու իրականացումը ռուս հեղափոխական դեմոկրատների և Միքայել Նալբանդյանի հիմնական նպատակն էր։ Սակայն բուրժուական հասարակարգում անհավասարության պատճառները, բնույթն ու ձևերը գիտականորեն մեկնաբանեցին մարքսիզմ—լենինիզմի դասականները։ Նրանք ապացուցեցին, որ անհավասարության իրական հիմքը պայմանավորված է արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական բնույթով, ցույց տվեցին հասարակական հավասարության հաստատելու գործնական եղանակները։ Իրական հավասարություն, որ նշանակում է մասնավոր սեփականության, շահագործման վերացում և արտադրության միջոցների հասարակական սեփականության հաստատում, սկզբնավորվեց սոցիալիզմի պայմաններում։ Այս պրոցեսը հանգեցրեց աշխատավորների, ապա և հասարակության բոլոր անդամների (անկախ ծագումից, սոցիալական դրությունից) քաղաքացիական իրավահավասարությանը, ազգերի իրավահավասարությանը, կնոջ անիրավահավասարության վերացմանը, հաստատվեց հավասար իրավունք աշխատանքի և արդյունքի բաշխման բնագավառում։ Խոշոր առաջադիմություն նշանավորելով հավասարության հաստատման գործում, սոցիալիզմը միաժամանակ պրոբլեմն ամբողջովին չի լուծում, պահպանվում են սոցիալական անհավասարության մնացորդներ՝ պայմանավորված նյութական արտադրության զարգացման անբավարար մակարդակով, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի տարբերություններով, ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխման սկզբունքով և այլն։ Այս և նման պրոբլեմները լրիվ կլուծվեն կոմունիզմի ժամանակ, երբ կհաստատվի վերջնական և համընդհանուր հավասարություն։ Միայն կոմունիզմը, արտադրության բարձր մակարդակի ապահովմամբ և յուրաքանչյուր մարդու հոգևոր կարողությունների զարգացմամբ, հնարավորություն կստեղծի վերջնականորեն վերացնելու հասարակական անհավասարությունը, լուծելու մարդկության ամենաբարդ սոցիալական պրոբլեմներից մեկը։
День: 7 декабря 2020
Խմբեր շերտեր համայնքներ
Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:
Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից:
Մարդու պահանջմունքներ
Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։
Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։
Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։«Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավո րառարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։