Տրանսկրիպցիա
Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ է դրա առաջնային կառուցվածքի մասին տեղեկատվությունը կորիզից տեղափոխել դեպի ցիտոպլազմա, որտեղ գտնվում են ռիբոսոմները: Դրա համար ԴՆԹ-ի շղթաներից մեկի վրա սինթեզվում է տ-ՌՆԹ-ն, որի նուկլեոտիդային հաջորդականությունը ճշգրտորեն համապատասխանում է ԴՆԹ-ի երկու շղթաներից մեկի նուկլեոտիդային հաջորդականությանը: Այս գործընթացը կոչվում է տրանսկրիպցիա (արտագրում): Դրա արդյունքում ԴՆԹ-ում նուկլեոտիդային հաջորդականության լեզվով գաղտնագրված տեղեկատվությունը նույն հերթականությամբ արտագրվում է տ-ՌՆԹ-ի վրա: Վերջինս այնուհետև անցնում է դեպի ռիբոսոմներ: Ռիբոսոմները բջջի այն օրգանոիդներն են, որտեղ իրականացվում է սպիտակուցների կենսասինթեզը:
Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝
Մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ պրոմոտորին:
ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ: Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։
ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։
ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։
ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։
Եթե բջիջն ունի ձևավորված կորիզ, ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման։ Այս կարող է լինել պոլիադենիլացում, կեպինգ և սպլայսինգ:
ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնի ցիտոպլազմա:
Տրանսլյացիա
Ռիբոսոմներում տ-ՌՆԹ-ի վրա փ-ՌՆԹ-ի միջոցով տեղափոխվում են համապատասխան ամինաթթուները, և սկսվում է պոլիպեպտիդային շղթայի սինթեզը: Այս գործընթացը կոչվում է տրանսլյացիա (թարգմանություն): Ի-ՌՆԹ-ի վրայով ռիբոսոմն անցնում է ոչ թե սահուն, այլ ընդհատ` նուկլեոտիդների եռյակից եռյակ: Ռիբոսոմի ֆունկցիոնալ կենտրոնում ամինաթթուների միջև առաջանում է պեպտիդային կապ, և ամինաթթուները միանում են իրար: Ի-ՌՆԹ-ի երկայնքով ռիբոսոմի շարժմանը զուգընթաց ձևավորվում է սպիտակուցի պոլիպեպտիդային շղթան: Սինթեզի ավարտից հետո պոլիպեպտիդային շղթան անջատվում է ի-ՌՆԹ-ից: Վերջինս կարող է բազմիցս օգտագործվել տվյալ սպիտակուցի սինթեզի համար: