1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
1826թ. հուլիսին Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ: Հուլիսի 26-ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը: Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության: Շուշի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար: Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ: Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության: Իսկ 1826թ. սեպտեմբերի 3-ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2-հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10-հազարանոց զորամասը: Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց: Սեպտեմբերի 13-ին Գանձակի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից: Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը: 1827թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց: Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827թ. օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում: 1827թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը:
Թուրքմենչայի պայմանագիրը
1827թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիս, իսկ հայերը նրանց շատ լավ դիմավորեցին: 1827թ. վերջին ու 1828թ. սկզբին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: 1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի ու Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ: Ռուս—պարսկական սահմանի մի հատվածն անցնում էր Արաքս գետով: Պարսիկներին վերադարձվեց իր հայտնի Խոյ ու Սալմաստ գավառները: 1828թ. գարնանը սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը: Շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիայի ու այլ շրջաններից տեղափոխվեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրեր: Վերաբնակիչները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքերից, իսկ աղքատներին դրամական որոշ օգնություն տրվեց բնակարաններ կառուցելու համար: Հայերի վերաբնակեցումը մեծ նշանակություն ունեցավ: