Рубрика: Պատմություն

Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը

Մեծ եղեռնը.
Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով: Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ զորակոչվեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914թ. վերջից սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև՝ ոչնչացումը: Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: 1915թ. ապրիլի 11-ին և հաջորդող մի քանի օրերին Կ. Պոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների ձերբակալվեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Ապա սկսվեց ցեղասպանության մեծածավալ գործողությունը՝ համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:

Մեծ եղեռնի հետևանքները
Հայոց ցեղասպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Այսպիսով՝ ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Սակայն մինչ օրս Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Рубрика: Պատմություն

Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ միության միջև: Գերմանիային՝ Անտանտի հակառակորդին, հաջողվեց իր դաշինքի մեջ ներգրավել Թուրքիային: Խոստացավ ամեն կարգի աջակցություն ու օգնություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ թուրքերին դրդեց նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, ռուս—թուրքական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադրություն ունեին Ռուսաստանում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Հայերն ու Հայաստանը այդ ծրագրի իրագործման ճանապարհին մեծ խոչընդոտ էին: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերզմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նաև հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:

Կովկասյան ճակատը 1914-17թթ․
Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ճակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացրել էին 300-հազարանոց երրորդ բանակը: Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ին:

Рубрика: Պատմություն

Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան Հայաստանում և Բալկաններում: Դա հարուցեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի ու Ավստրո-Հունգարիայի դժգոհությունը: Մեծ տերությունները Ռուսաստանին սպառնացին պատերազմով և պահանջեցին 1878թ. հունիսին Բեռլինում գումարել վեհաժողով՝ ռուս-թուրքական հաշտության պայմանները քննարկելու նպատակով: Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի  գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմակերպվեց: Հայ պատվիրակները մինչև վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, ստացան օգնության խոստումներ: Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, եվրոպացի պետական գործիչները բնավ ցանկություն չունեին օգնելու հայերին: Նրանք հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Այսպես՝ վեհաժողովի նախօրյակին Անգլիան Թուրքիայի հետ կնքած գաղտնի պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին և պարտավորվեց ամեն կերպ վեհաժողովում պաշտպանել նրա շահերը: Պատահական չէ, որ հայ պատվիրակներին թույլ չտրվեց նույնիսկ մտնել վեհաժողովի շենքը: Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափեցում առաջացրեց հայերի շրջանում: Ըստ պայմանագրի՝ Ալաշկերտն ու Բայազետը վերադարձվում էին կայսրությանը: Հայ ժողովրդի մեջ զգալիորեն պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ:

Рубрика: Պատմություն

Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներն ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում: Սակայն ռուսական արքունիքը դրանով չբավարարվեց: Սկսվեց նոր պատերազմ Օսմանյան կայսրության դեմ: 1828թ. հունիսին ռուսները տիրեցին Կարսին: Դրանից հետո ռուսական զորքերը հուլիս-օգոստոսին գրավեցին Ջավախք Գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան ու Արդահանը: 1828թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղացի հայերի աջակցությամբ գրավեց Բայազետի ու Ալաշկերտի գավառները: 1829թ.-ին թուրքերին հաջողվեց Անգլիայի օգնությամբ ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել բնակչությանը: 1829թ. ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Օլթին, Բաբերդը և այլ վայրեր:

Ադրիանապոլսի պայմանագիրը

Ռուս-թուրքական պատերազմը ինչպես Բալկանյան, այնպես էլ Կովկասյան ճակատում ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1829թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր: Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից ընդարձակ մի տարածք, ինչպես և Ախալցխալի ու Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին: Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն ստեղծեց: Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել ռուսներին օժանդակ հայերից: Իր հերթին ռուսական հրամանատարությունն էլ, օգտվելով այդ վիճակից շահագրգռեց հայերին՝ վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններում: Այդ մասին հատուկ հոդված մտցվեց պայմանագրի մեջ: 1829-1830թթ. Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանի տիրապետության տակ անցան շուրջ 75 հազար հայեր: