Рубрика: Ճամփորդոըթյուն

Ճամբար Արատեսում

Առաջին օր 

Երևանից շարժվեցինք առավոտյան ժամը 9-ի կողմերը, ուղևորվեցինք դեպի Սևանա լճի ափին գտնվող Հայրավանք եկեղեցի։ Մտանք եկեղեցի, բակում հին խաչքարեր կային։ 

Շարժվեցինք առաջ և մոտ մեկ ժամից հասանք Սելիմի քարավանատուն։ Հետո ճաշեցինք, հիացանք գեղեցիկ տեսարանով ու շարունակեցինք ճանապարհը։ 

Հաջորդ կանգառը Արտաբույնքն էր, որտեղից էլ քայլարշավն էր դեպի Սմբատաբերդ։ Ճանապարհը շատ դժվար էր, որովհետև այն շատ բարձր էր, և եղանակն էլ շատ շոգ էր։ Բայց մենք, սեբաստացու ոգով հասանք նշանակետին։ Իջանք բարձունքից և ուղևորվեցինք Արատես։ 

Հասանք Արատես, տեղավորվեցինք, հաց կերանք։ Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջ, կրակի վրա նրբերշիկ խորովեցինք, կերանք, տարբեր խաղեր խաղացինք, որից հետո գնացինք քնելու։ 

Երկրորդ օր 

Առավոտյան արթնացանք, լվացվեցինք, նախաճաշեցինք և ուղևորվեցինք Սևաժայռ, սակայն չկարողացանք գնալ մինչև վերջ, որովհետև շատ շոգ էր, ու ճանապարհը դժվար էր բարձրանալ։ Հետ եկանք, և Արմինե Գոգինյանը մեզ ծանոթացրեց մեղվաբուծությանը: Մենք հատուկ համազգեստ էինք հագել, որպեսզի մեղուները մեզ չխայթեն։ 

Այնուհետև գնացինք լողալու Եղեգիս գետում, որտեղ գտնվում էր նաև Գողթանիկ ջրվեժը։ 

Գետի ջուրը հաճելի տաքության էր, գետի մեջ նաև մանր ձկնիկներ կային։ Հետո հետ եկանք կենտրոն, հաց կերանք։ Երեկոյան նորից հավաքվեցինք խարույկի շուրջ, կարտոֆիլ խորովեցինք, խաղեր խաղացինք ու քնեցինք։ 

Երրորդ օր 

Արթնացանք, լվացվեցինք, նախաճաշեցինք, խաղացինք ազգային խաղեր, որից հետո գնացինք մրգեր հավաքելու։ Այդ մրգերով կոմպոտ փակեցինք՝ ձմեռային ճամբարի ժամանակ խմելու համար։ Մասնակցեցինք բրուտանոցի աշխատանքին, որտեղ մեր անվան առաջին տառերը սարքեցինք կավով։ Հետո հավաքվեցինք և ուղևորվեցինք հետ՝ Երևան։ 

Այս երեք օրերը շատ հետաքրքիր անցան, նոր բաներ սովորեցինք։ Մեծ տպավորություններ ստացանք։ Պատմելու բան ավելացավ ։-)